ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մոտ հինգ տարի առաջ սկսեցի ակտիվ զբաղվել քաղաքականությամբ...

02:21:00 26.11.2026

Մոտ հինգ տարի առաջ սկսեցի ակտիվ զբաղվել քաղաքականությամբ...

Մոտ հինգ տարի առաջ սկսեցի ակտիվ զբաղվել քաղաքականությամբ և հիմնադրեցի մեր անկախ-ազգայնական քաղաքական շարժումը։ Եվ այդ ժամանակվանից մինչ օրս ամենահաճախ հնչող քննադատություններից մեկը եղել է այն, թե մենք «միայն խոսում ենք»։ Այս քննադատությունը ինձ միշտ զարմացրել է և շարունակում է զարմացնել, որովհետև այն հաճախ լսել եմ հենց այն մարդկանցից, որոնք վերջին 35 տարիներին մատը մատին չեն տվել, իսկ տարիներ շարունակ աջ ու ձախ սատարել են հակազգային տարբեր գործիչների՝ կարծելով, թե ինչ-որ հայրենանպաստ գործ են անում։ Նրանց երկերեսանիությունն ինձ պարզապես ապշեցրել է։

Ասում են՝ «միայն խոսում ենք», բայց չեն հասկանում, որ ամեն ինչ սկսվում է հենց խոսքից։ Պատմության մեջ բոլոր մեծ շարժումները ու հեղափոխությունները սկիզբ են առել ոչ միայն գրավոր, այլև առավել կարևոր՝ բանավոր խոսքից, որովհետև խոսքերը այն սերմերն են, որոնցից անտառներ են աճում։ Նույնիսկ Նոր Կտակարանում է գրված. «Ի սկզբանե էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր»։

Ասում են, թե մենք «միայն խոսում ենք», ինչը, իրականում, անհիմն մեղադրանք է։ Բայց ամենազավեշտալին այն է, որ այդ քննադատները հաճախ նույնիսկ դա էլ չեն անում։ Մեզ երբեմն համեմատում են դատարկ խոսող ու բողոքող մարդկանց հետ, որովհետև չեն կարողանում թացը չորից տարբերել։ Փողի դիմաց խոսող ու գործ անող քաղաքական մարմնավաճառներին երբեք չպետք է համեմատել գաղափարի համար պայքարող քաղաքական զինվորների հետ։ Նախքան ճիշտ գործելը պետք է սովորենք ճիշտ խոսել, որովհետև ճիշտ խոսքից է բխում ճիշտ գործը։

Այո՛, մենք գիտակցում ենք խոսքի ուժը և, իսկապես, երախտապարտ ենք, որ նույնիսկ քաղաքական դաշտի ծայրամասերում գտնվելով՝ կարողանում ենք ազատորեն արտահայտել մեր գաղափարները։ Ընդամենը կես դար առաջ նույնիսկ այդ հնարավորությունը չէինք ունենա։ Օրինակ՝ Խորհրդային Միության ժամանակ նույնիսկ փոքր ժողովներ ու հավաքներ կազմակերպելու համար հաջորդ օրը բոլորս կարող էինք հայտնվել Սիբիրում՝ որպես քաղբանտարկյալներ։ Այն ժամանակվա այլախոհները տասնամյակների ազատազրկման էին դատապարտվում միայն իրենց ազգային գաղափարները գրելու համար։ Իսկ հազար տարի առաջ Եվրոպայում մարդիկ ողջակիզվում էին խարույկների վրա՝ պարզապես պնդելու համար այն, որ օրինակ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ, այլ ոչ թե հակառակը։

Այնպես որ, չպետք է թերագնահատենք խոսքի ուժը և այս օրերին ազատ խոսելու մեր հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, չպետք է դատարկ ու աննպատակ խոսքը հավասարեցնենք կազմակերպված, նպատակային խոսքին։ Խոսելը արժեք ունի, եթե այն ծառայում է հեռանկարային ծրագրի և նպատակ ունի հետևողականորեն տարածելու ճշմարիտ գաղափարներ։ Եթե նրանք կարծում են, թե մենք «միայն խոսում ենք», թող իրենք էլ կազմակերպված ու հետևողականորեն խոսեն, բարձրաձայնեն ճշմարտությունը՝ առանց ծախվելու և զիջումների գնալու։ Այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ են ասում և ինչպես են ասում։ 

Թող նրանք էլ բացահայտորեն ու շարունակաբար դատապարտեն մեր երկրում տիրող ամբողջ հակահայկական համակարգը, և կտեսնեն, թե ինչ խնդիրներ կարող է ստեղծել այն իրենց անձնական կարիերայի համար։ Դա փորձելուց հետո կհասկանան, որ «միայն խոսելը» այնքան էլ հեշտ չէ, որքան պատկերացնում էին։

Խոսքը մեզ համար ընդամենը գործիք է, ոչ թե սոցցանցերում հավանումներ հավաքելու կամ ինքնահաստատվելու միջոց։ Մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք ստեղծել մեր սեփական ազգային մեդիան, որովհետև առանց դրա չենք կարող դառնալ քաղաքական լուրջ գործոն։ Շարժման այս առաջին հինգ տարիների նպատակն է եղել մեր հայրենակիցներին ներկայանալ որպես այս նեոբոլշևիկյան համակարգի դեմ հանդես եկող լիովին անկախ, ազգային-քաղաքական շարժում՝ հանրության առաջ ձևավորելով մեր գաղափարախոսությունը ու ինքնությունը։ Հետևաբար, առանց խոսելու և մեր գաղափարները քարոզելու՝ ինչպե՞ս էինք դա անելու։

Կարճ ասած՝ մեր շարժման ձևավորման առաջին փուլում մենք ստեղծել ենք մեր ինքնության ու գործունեության ամբողջական պատկերը՝ մեր պորտֆոլիոն, մեր ինքնակենսագրականը, որպեսզի որևէ թյուրիմացություն չլինի այն մասին, թե ովքեր ենք մենք և ինչ ենք ներկայացնում։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Դեպի՛ Մեծ Հայք, դեպի՛ փառահեղ ապագա

#Ճակատագրի_Շարժումը #Այս_Անգամ_Աշխարհը


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։