ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մի քանի ամիս առաջ հեռարձակում նկարեցի ու տեղադրեցի, որի «բեկորներից» մեկը տասնյակ հազարավոր դիտում ստացավ...

07:56:00 27.07.2025

Մի քանի ամիս առաջ հեռարձակում նկարեցի ու տեղադրեցի, որի «բեկորներից» մեկը տասնյակ հազարավոր դիտում ստացավ...

Մի քանի ամիս առաջ հեռարձակում նկարեցի ու տեղադրեցի, որի «բեկորներից» մեկը տասնյակ հազարավոր դիտում ստացավ մեր տարբեր սոցցանցերում։ Սկզբից չհասկացա, թե ինչի համար հենց այդ հատվածը շատ դիտում ու մեկնաբանություններ ստացավ, սակայն հետո հասկացա, թե ինչու։ Տեսանյութում պարզապես կոպիտ (առանց հայհոյանքների) քննադատեցին Ալեն Սիմոնյանին՝ արցախցիների հանդեպ իր լպիրշ արտահայտության համար։ Հասկանալի եղավ ինձ համար, որովհետև հիշեցի Սոկրատեսի խոսքերը՝ «Մեծ մտքերը քննարկում են գաղափարներ, միջինները՝ իրադարձություններ, իսկ փոքրերը՝ մարդկանց», որն արտասանել էր հնագույն աշխարհում։ Ինձ համար նաև ավելի պարզ դարձավ, թե ինչու է վիժվածք Դոգի տեսանյութերը միշտ հազարավոր դիտումներ ստանում։ Բնակչության մեծ մասը, ցավոք սրտի, կրում է միայն փոքր մտքեր, դրա համար նրանք միայն սիրում են մարդկանց մասին քննարկումներ՝ բամբասանքներ, հատկապես հայհոյախառն ոճով։ Նրանց չի հետաքրքրում նույնիսկ իրադարձությունների քննարկում, ուր մնաց՝ գաղափարների։

Սակայն հարկավոր է շեշտենք, որ յուրաքանչյուր իսկական ազգային քաղաքական շարժում, որն անկախ է գործում ու ոչ մեկի ստրուկը չի դառնում, չի կարող ամուր հիմք՝ պինդ կորիզ ստեղծել միայն նման մակերեսային թեմաներից քննարկելով։ Նման մարդիկ կամ կազմակերպություններ, ովքեր հանուն շատ դիտումների նման ոճով են միշտ ներկայանում հանրությանը, իրենց կձգեն միայն կարճատես, փոքրոգի, տգետ, եսասեր և հիմար մարդկանց։ Նման մարդիկ երբեք չեն կարող կայուն հիմք ստեղծել, որովհետև իրենց ամբողջ «գաղափարախոսությունը» հիմնված է այլոց ատելության վրա։ Դա երբեք երկարատև բնույթ չի կարող կրել, քանի որ մարդիկ անցնում գնում են, իսկ գաղափարները մնում են հավիտյան։ Սրա վառ օրինակը, իհարկե, հենց 2018թ․-ի գեղափոխությունն է, որտեղ մարդիկ մի մարդու դեմ ատելությամբ լցված ժամանակավորապես համախմբվեցին, բայց այդ ամենը հոդս ցնդեց, երբ նրանց ատած մարդը գահընկեց եղավ, և ժողովուրդը առավել քան երբևէ պառակտվեց։ Շարժումները, որոնք կառուցվում են վեհ գաղափարների հիման վրա՝ կանգուն մնում են, մինչդեռ անձանց դեմ կառուցվածները դատապարտված են թղթե տնակի պես քանդվել։

Այդ է պատճառը, որ «Հոսանք»-ը, լինելով դեռ իր ձևավորման փուլում, հիմնականում քարոզում է գաղափարներ և մարդկանց փորձում ներգրավել, ովքեր համաձայն են այդ գաղափարների հետ, քանի որ մինչև մենք չլուծենք գաղափարական խնդիրը՝ չենք կարողանա լուծել վատ իրադարձությունների ու տհաճ մարդկանց հետ կապված խնդիրները։ Մեր բոլոր սոցիալական ու քաղաքական խնդիրները բխում են նրանից, որ ճշմարիտ գաղափարները չեն տիրում երկրում, ու դեռ չկա ազգային պետություն, որը կմարմնավորի այդ ճշմարիտ գաղափարները։

Այնպես որ, գիտակից ու արժանապատիվ հայ ազգայնականները չեն կարող անտեսել այս շատ կարևոր քայլը։ Մեր երազած ազգային պետությունը ունենալու համար հարկավոր է ազգային քաղաքական շարժում զարգացնենք ոչ միայն վեհ գաղափարներ քննարկելով, այլև այդ վեհ գաղափարները կյանքի կոչել՝ քրտնաջան աշխատանքով ու անհողդողդ պայքարով։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։