02:00:00 10.01.2022
Իմ բազմաթիվ հայրենակիցներ հրճվում են, որ մեր զինվորները ուղարկվեցին Ղազախստան՝ «Պանթյուրքիզմը կասեցնելու համար»: Սակայն դա, իմ կարծիքով, կեղծ պրոպագանդա է, քանի որ Պանթյուրքիզմի ստեղծման ամենամեծ վտանգը հենց մեր քթի տակ է՝ Սյունիքում: Նրանք վստա՞հ են, որ ձմռանից հետո, եթե ամենային հավանականությամբ շարունակվի Ադրբեջանի ագրեսիան ու նրա կողմից հրահրված սողացող պատերազմը, ղազախները գալու են Հայաստան՝ «Պանթյուրքիզմը կասեցնելու համար»: Ես վստահ եմ, որ ոչ մի արժանապատիվ խելքը գլխին հայ դրան չի հավատում: Եթե Սյունիքին վտանգ չսպառնար, ու Սյունիքում մեր դիրքերը ամրապնդված լինեին, և Արցախի դեմ դավադրություն չլիներ ու չօկուպացվեր թուրքեևի կողմից (որը ողջունվեց Ղազախստանի կողմից), ես այսքան դեմ չէի լինի մի քանի տասնյակ հայ զինվոր Ղազախստան ուղարկելուն (չնայած իմաստը նորից չէի տեսնի):
Հասկանում եմ, որ մենք ինչ-որ միության անդամ ենք ու պիտի կատարենք մեր պարտականությունը, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի սուսուփուս ընդունենք, որ գերտերությունները մեզ «տրյապկի» պես օգտագործեն իրենց շահերի համար, և երբ Հայաստանին վտանգ սպառնալու ժամանակ օգնության կարիք լինի, արհամարհեն մեզ: Սա սկզբունքի հարց է։ Մենք ոչ մեկի ստրուկը չենք ու չպիտի լինենք։ Ինձ նախ և առաջ հետաքրքրում է Սյունիքի և, առհասարակ, մեր Հայրենիքի անվտանգությունը, ոչ թե՝ Ղազախստանում կամ որևէ այլ երկրում խռովությունների դեմ պայքարելը:
Նրանք, ովքեր ասում են՝ «ձև չկա»՝ Սյունիքն էլ կորցնենք, թող հիշեն, որ մենք, հաղթանակած դիրքում լինելով, ընդամենը 44 օրում կորցրինք Արցախը, և այս պարտված ու նսեմացած վիճակում, ամբողջովին դավաճանական իշխանություն դեռ ունենալով, շատ էլ հանգիստ կարող ենք մի օր արթնանալ ու տեսնել, որ Սյունիքն էլ այլևս մերը չէ (որից հետո կդառնանք ընդամենը քաղաք-պետություն), եթե, իհարկե, չսթափվենք ու չհավատանք մեր ներքին ուժին՝ ցեղի հոգուն։
Մենք ազատություն սիրող ու անկախության համար պայքարող հայ-արինե՞ր ենք, թե՞ միայն ձրիակեր, ստրկամիտ, սովետամոլ կոմունիստներ, որոնք ուզում ենք մեր ինքնիշխանությունը առանց պայքարի սկուտեղի վրա հանձնել մի գերտերության՝ իբր լավ կյանք ունենալու համար, որը բացարձակապես սուտ խոստում և պատրանք է:
Մե՞նք ենք տերը մեր երկրի, թե՞ դա միայն երգելու համար էր: Եթե ուզում ենք իրապես կասեցնել Պանթյուրքիզմը և ջախջախել մեր ոխերիմ թշնամիների բաղձալի երազանքը, պետք է սկսենք Սյունիքի պաշտպանությունից՝ այն դարձնելով անխոցելի դարպաս, որը թույլ չի տա ողջ հայկական և արիական աշխարհի թրքացումը ու խավարումը:
Մեր երազանքը Մեծ Հա՞յքն է, թե՞ Բաբելոնը։ Կողմորոշվե՛ք։
Մեկ Ազգ, Մեկ Երկիր, Մեկ Կամք
#ՀիշիրՊատերազմը #ՀիշիրԵրազանքը
Subscribe and receive news to your email address.