ONE NATION, ONE STATE, ONE WILL

Հայ հասարակության մեջ ահագնացող այս խառնաշփոթի ամենամեծ պատճառներից այն է....

10:43:30 01.03.2022

Հայ հասարակության մեջ ահագնացող այս խառնաշփոթի ամենամեծ պատճառներից այն է,որ մենք ազգովի հստակ չգիտենք՝ ինչ ենք ուզում։Շատ դեպքերում իրար հակասող ցանկություններ ենք հայտնում,որոնք միաժամանակ անիրագործելի են։
Սփյուռքահայերն ուզում են՝ Հայաստանը լինի Ամերիկայի կամ եվրոպական մի երկրի նման, բայց ինչ էլ լինի՝ չեն վերադառնա Հայրենիք ու կշարունակեն Հայաստանը հեռվից սիրելու արվեստը: Լիբերալիզմը համակրող հայերը արդար պետություն են ուզում և միաժամանակ «դեմոկրատիա»՝ չհասկանալով, որ արդարությունը չի կարող գոյություն ունենալ երկերեսանի դեմոկրատական պետության ճահճում: Կոմունիզմին հարողները այլևս անկախության չեն ձգտում(ուզում են, որ ՀՀ-ն միանա ՌԴ-ին, այսինքն՝ վերադառնանք ԽՍՀՄ-ի ժամանակների կարգավիճակին), բայց նաև իրենց ազգայնական են համարում, որը ուղղակի զավեշտալի է, քանի որ ազգայնականների համար ամենաթանկ ու արժեքավոր բանը հենց անկախությունն է և կոմունիզմի գաղափարախոսությունը էապես հակադրվում է ազգայնական գաղափարախոսությանը: Պահպանողական հայերը ճշմարիտ ու ազնիվ պետություն են ցանկանում, բայց նաև քաղաքականապես կոռեկտ պետություն՝ չգիտակցելով, որ ճշմարտությունն ու ազնվությունը ընդհանրապես չի կարող գոյատևել քաղաքականապես կոռեկտ գարշելի միջավայրում: Հայրենասեր հայերն էլ երկաթե բռունցքով ազգային միապետություն են ցանկանում, բայց ոչ երբեք՝ «ֆաշիստական» պետություն:
Այս տեսակ հայերը չեն հասկանում, թե որքան անհեթեթ, խառնիճաղանջ ու անտրամաբանական են իրենց ցանկությունները: Այսպիսի խառնաշփոթը մեր ազգի մեջ դարերով է եղել և սկսեց սաստկանալ հատկապես վերջին տասնամյակներում, երբ սկսվեց տեղեկատվական դարաշրջանը, քանի որ տեղեկատվության հեղեղից շատերի մտքերը լուսաբանվելու փոխարեն պարզապես խորտակվել են: Ինչպես մարդը միշտ մոլորության մեջ կլինի ու իր կյանքում ոչ մի հաջողության չի հասնի, մինչև քաջ չգիտակցի՝ որն է իր ուզածը, այնպես էլ ազգը չի հասնի իր նպատակներին, եթե իրականում չգիտի՝ ինչ է ցանկանում: Կարծես թե մենք մեր տեղից չենք շարժվում,չենք գնում առաջ, որովհետև ամեն տարի փոփոխում ենք մեր մտքերն ու ցանկությունները:
Արարիչը մեր երազանքների իրականացման հարցում մեզ չի օգնի, մինչև մենք հստակ չիմանանք, թե որն է մեր երազանքը ու դերն այս աշխարհում: Մեզ վաղուց պետք է պարզ լիներ, բայց ուժեր կան, որոնք մեզ անընդհատ դիտմամբ շեղում են, որ չմնանք ճիշտ ուղու վրա: Քիչ ժամանակ է մնացել, և մենք չպետք է հապաղենք այս հարցում։ Հետևաբար եկեք այնպես անենք, որ մեր մտքերն այլևս իրար չհակասեն, ու յուրաքանչյուրիս տեսլականը նույնը լինի ու ջրի պես ջինջ, քանի որ ազգի երազանքը կախված է այդ ազգին ներկայացնող ամեն անհատի երազանքից: Իմ երազանքը վերջին 17 տարում չի փոխվել, դրա համար ես իմ կյանքի ճիշտ ուղու վրա առաջ եմ գնացել առանց մեծ շեղումների, և այդ նույն անհողդողդությամբ առաջ կգնամ քաղաքականության մեջ, երբ մոտ ապագայում մուտք գործեմ այս ոլորտ:

Subscribe

Subscribe and receive news to your email address.