ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ինչու և ինչպես միանալ կամ աջակցել «Հոսանք»-ին


Ինչո՞ւ միանալ կամ աջակցել «Հոսանք»-ին

Եթե ծանոթ եք մեր գաղափարներին և որոշ ժամանակ է, ինչ հետևում եք շարժմանը, կամ եթե նույնիսկ նոր եք տեղեկանում դրա մասին, հավանաբար մտածում եք, թե ինչու պետք է միանաք կամ աջակցեք «Հոսանք»-ին՝ լինելով հայրենասեր հայ, ով մտահոգված է մեր ազգի, հայրենիքի ու պետականության ճակատագրով: Ծանոթանալով մեր նյութերին և ուսումնասիրելով դրանք՝ վստահ եմ՝ կհամոզվեք, որ «Հոսանք»-ը ոչ միայն լիովին հայամետ ու հայաստանակենտրոն քաղաքական կազմակերպություն է, որն ունի լուրջ ու հեռատես նպատակներ, չի ֆինանսավորվում և աջակցություն չի ստանում որևէ գործակալական ցանցի, օլիգարխի կամ աղանդի կողմից, այլև ցեղակրոն, քաղաքական միակ շարժումն է, որն արդեն իսկ 21-րդ դարում Նժդեհի գաղափարները կյանքի է կոչում և բերում մեր քաղաքական դաշտ:
Հետևաբար, յուրաքանչյուր գիտակից ու պատասխանատու հայ պետք է աջակցի նման քաղաքական շարժման՝ հաշվի առնելով, որ մեր բոլոր խնդիրները նախ և առաջ քաղաքական բնույթ ունեն: Որքան էլ փորձենք մեր կամավոր մասնակցությամբ կամ ֆինանսական աջակցությամբ բարելավել մշակութային կամ կրթական ոլորտները, այդ ամենը չնչին օգուտ կտա, եթե չլուծվի մեր հայրենիքի բուն՝ հենց քաղաքական խնդիրը: Մինչև չունենանք ազգային ու հայակենտրոն այնպիսի քաղաքական ուժ, որն իսկապես ունակ կլինի ներկայացնելու հայության շահերը, հասարակությանը տարբեր ձևերով ազգայնացնելու բոլոր փորձերն ապարդյուն կանցնեն:
Այդ իսկ պատճառով մենք դիմում ենք թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ապրող բոլոր այն ազգայնական հայերին, ովքեր գիտակցում են իրենց պարտականություններն ու անձնական պատասխանատվությունը և սրտանց ցանկանում են տեսնել իսկապես ազգային ու հայկական պետություն՝ կոչ անելով աջակցել մեզ հնարավոր բոլոր միջոցներով:
Ձեր նվիրումն ու ներդրումները բազմիցս ապացուցել են, որ հայի հոգին կապված չէ միայն աշխարհագրության հետ․ այն մի ուժ է, որ բաբախում է, որտեղ էլ որ լինենք։ Այսօր մեր հայրենիքը կանգնած է նոր ու օրհասական մարտահրավերների առաջ, և մեր սերունդն ունի պատմական հնարավորություն՝ ոչ միայն վերափոխելու, այլև իրապես հեղափոխելու Հայաստանը՝ վերակառուցելով ազգային արժանապատվության, ինքնիշխանության և հզոր պետականության հիմքերը։ Այդ նպատակով մենք միայն գաղափարական պայքար չենք մղում․ մենք գործի՛ մարդիկ ենք, որ քայլ առ քայլ իրականացնում ենք համակարգային փոփոխություններ։
«Հոսանք»-ը ձգտում է հզոր, ինքնիշխան և բացառապես ազգային շահերով առաջնորդվող Հայաստանի։ Մենք գործում ենք ոչ թե որպես սովորական քաղաքական գործիչներ, այլ որպես ազգային պայքարի նվիրյալներ՝ քաղաքական մարտիկներ, որոնց նպատակը ոչ թե կարճաժամկետ հաջողություններն են, այլ երկարաժամկետ հաղթանակը՝ Հայաստանի վերածնունդը։ Սակայն մեր պայքարն առաջ տանելու համար հարկավոր են ռեսուրսներ, ֆինանսական կայունություն և հայության լավագույն հատվածի համախմբվածություն։
Ձեր ներդրումը կարող է փոխել խաղի կանոնները։ Հայաստանի ապագան կախված է ոչ միայն մեր վճռականությունից, այլև ձեր աջակցության արդյունավետությունից։ Մենք չենք խնդրում բարեգործություն. մենք առաջարկում ենք համագործակցություն, որտեղ դուք ինքներդ կտեսնեք ձեր մասնակցության իրական արդյունքը։
Վստահ ենք, որ «Հոսանք»-ը քաղաքական միակ ուժն է, որն ունակ է ամուր կամուրջ դառնալու Հայաստանի և Սփյուռքի միջև։ Մեր շարժման գաղափարական հիմքում չկա տարանջատում սփյուռքահայերի և հայաստանցիների միջև, քանի որ մենք գիտակցում ենք՝ բոլոր հայերը, անկախ իրենց բնակության վայրից, ունեն նույն պատասխանատվությունն ու պարտականությունը հայրենիքի նկատմամբ։
Թեև մեր ժողովրդի մեծամասնությունը դեռ չի լսել մեր մասին, քանի որ ներկայիս հակահայ համակարգը մեզ անտեսում է կամ փորձում է մեզ ներկայացնել որպես «ապագա չունեցող» «մարգինալ» քաղաքական կազմակերպություն, իրական պատկերն այլ է։ Ազգային մտածելակերպ ունեցող հայ երիտասարդության զգալի մասը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում մեզ ավելի լավ է ճանաչում ու համակրում, քան գործող խոշոր քաղաքական ուժերին։ Սա արդեն իսկ շատ խոսուն փաստ է մեր շարժման հզոր ներուժի մասին:
Մենք ձգտում ենք ձևավորել որակապես նոր ազգային քաղաքական էլիտա, որն առաջնորդվում է բացառապես հայրենասիրությամբ ու ազգային շահերով, այլ ոչ թե օտարածին ազդեցություններով կամ նեղ անձնական շահերով։ Այդ էլիտան քայլ առ քայլ կերտվում է նոր սերնդի ազգային երիտասարդներից, որոնց համար անկախ պետականությունը ոչ միայն գերագույն արժեք է, այլև սրբություն:
Մենք տեսնում ենք, որ մեր գործունեությունը մեծ ուշադրություն ու համակրանք է վայելում երիտասարդության շրջանում, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնք այդ հարցում պարզապես ձախողվում են: Սա հստակ ցուցիչ է, որ մենք ոչ միայն ճիշտ ուղի ենք ընտրել, այլև ունենք մեծ ու խոստումնալից ապագա:
Շատերն այս պահին կարծում են, թե իմաստ չկա ֆինանսավորել մեզ նման փոքրաթիվ ու լուսանցքային մի շարժման, քանի որ կարծում են, թե մենք ոչ մի հնարավորություն չունենք հաղթելու գործող խոշոր քաղաքական ուժերին և հասնելու իշխանության: Սա իրականում կարճատեսություն է. պատմությունը բազմիցս ապացուցել է, որ օրհասական ու քաոսային ժամանակներում ճակատագիրը հենց նմանատիպ ուժերին է մղում ասպարեզ: Վստահ ենք՝ յուրաքանչյուր ողջամիտ ու իրատես հայ քաջ գիտակցում է, որ մեր երկրին սպասվում են հերթական ցնցումները, և մենք պարտավոր ենք պատրաստ լինել այդ փոթորկին: Նման օրհասական պահերին ազգը փնտրում է այնպիսի շարժումներ ու առաջնորդներ, ովքեր կհամարձակվեն արմատական փոփոխություններ իրականացնել։ Այդպիսի շրջադարձային փուլերում մեզ նման «մարգինալ» ուժերը երկրաչափական պրոգրեսիայով են աճում։
Մեր քաղաքական հակառակորդների քանակական առավելությունն ու նրանց աստղաբաշխական ռեսուրսները մեզ չեն ընկճում. մենք վստահ ենք, որ դրանք հիմնված են ստի ու կեղծիքի վրա և կտապալվեն թղթե տնակի պես՝ թեթևակի քամուց անգամ: Իսկ այն, ինչ մենք ենք կառուցում, թեպետ այս պահին փոքր է, սակայն ունի այնպիսի ամուր հիմքեր, որոնք կդիմանան դարերի փորձությանը՝ նույնիսկ մեր ոսկորների փոշիանալուց հետո:
Հետևաբար, «Հոսանք»-ին միանալն ու աջակցելը խրախուսելի է յուրաքանչյուր գիտակից հայ ազգայնականի համար, քանի որ դրանով դուք երաշխավորում եք, որ Հայաստանը ոչ միայն ներկայում, այլև ապագայում կունենա իրապես հայկական քաղաքական ուժ, որով էլ կկերտվի մեր երազած հզոր և ազգային պետությունը: Հայությունը պետք է ինքնուրույն տնօրինի իր ճակատագիրը, ոչ թե կույր գործիք դառնա արտաքին խաղացողների ձեռքին: Ձեր անգամ փոքր լուման ներդնելով շարժման մեջ՝ դուք անգնահատելի աջակցություն եք ցուցաբերում այս սրբազան գործին: Կարող եք վստահ լինել, որ ձեր ներդրումը, անկախ իր չափից, երբեք չի փոշիանա, այլ աննահանջ կծառայի մեր համազգային նպատակի իրագործմանը:


Ինչպե՞ս միանալ կամ աջակցել «Հոսանք»-ին

«Հոսանք»-ին միանալու համար կարող եք այցելել մեր կայքէջ և լրացնել անդամագրության հարցաթերթիկը։ Դուք կդառնաք շարժման լիիրավ անդամ, եթե համաձայն եք անդամագրության համաձայնագրի պայմաններին և համապատասխանում եք որակավորման այն չափանիշներին, որոնք նույնպես հրապարակված են կայքում։ 
Մեր առաջնային նպատակներից է ձևավորել հավատարիմ, նվիրյալ ու գաղափարական ամուր կորիզ, որի մասնիկը կարող եք դառնալ նաև Դուք։ Այդպիսով մենք քայլ առ քայլ կընդարձակենք մեր շարքերը՝ աստիճանաբար վերածվելով ազդեցիկ քաղաքական ուժի, որի գործողությունների հետ ստիպված կլինեն հաշվի նստել բոլորը։
Եթե դեռ պատրաստ չեք անդամագրվելուն, բայց ցանկանում եք որևէ կերպ օգտակար լինել «Հոսանք»-ին, կարող եք կապ հաստատել մեզ հետ և նշել, թե ինչ հմտություններով կարող եք աջակցել մեր շարժմանը։ Մեզ մշտապես հարկավոր են լրագրողներ, իրավաբաններ, հրապարակախոսներ, գրաֆիկ դիզայներներ, թվային նկարիչներ, տեսանյութ մոնտաժողներ, օպերատորներ, հաշվապահներ, մարզիչներ և առհասարակ պատրաստված ու նախաձեռնող մասնագետներ՝ հատկապես երիտասարդներ։ Եթե չունեք նման մասնագիտացում, կարող եք օգնել պարզապես մեր տեսանյութերն ու գրառումները տարածելով և Ձեր շրջապատին մեր գաղափարների մասին պատմելով։ Իսկ եթե որևէ պատճառով չեք կամենում հրապարակային գործունեություն ծավալել, կարող եք աջակցել ֆինանսապես. և վստահ կարող եք լինել, որ յուրաքանչյուր լումա ծառայելու է բացառապես շարժման զարգացման նպատակին:
Ֆինանսական միջոցները մեզ անհրաժեշտ են հայրենասեր մասնագետների աշխատանքը վարձատրելու և շարժման կազմակերպչական բոլոր ծախսերը հոգալու համար։ Համակարգված գործունեություն ծավալելու համար մենք պետք է կարողանանք ներգրավել ունակ անհատների, ովքեր կզբաղվեն շարժման ընդարձակմամբ՝ որպես հիմնական աշխատանք։ Թե ինչպես կարող եք ֆինանսապես աջակցել մեզ, կարող եք տեղեկանալ մեր կայքի «Նվիրատվություն» բաժնում։ Պատմության մեջ ոչ մի քաղաքական շարժում հաջողության չի հասել առանց նյութական հիմքերի, և արդի դարաշրջանում այդ օրինաչափությունը չի փոխվել։ Այսօր Ձեր կատարած անգամ ամենափոքր ներդրումը վճռորոշ նշանակություն կունենա վաղը, երբ շարժմանը միանան հազարավորները։ Այդ իսկ պատճառով մենք անչափ շնորհակալ ենք ցուցաբերած ցանկացած աջակցության համար։
Մեր թշնամիներն ուրախանում են՝ տեսնելով պառակտված հայություն, և ամենից շատ վախենում են համախմբված հայ ազգից: Առանձին-առանձին մենք ընդամենը աննշան էլեկտրոններ ենք, իսկ միասին՝ հոսա՛նք։ Մեր պայքարի հաջողությունը կդառնա կամքի հաղթանակի մեծագույն վկայությունը։ «Հոսանք»-ը ճակատագիր ունի և մեզ ոչինչ չի՛ կանգնեցնելու։
Սա ոչ թե մեկ շարժման, այլ ողջ հայ ազգի գոյապայքարն է։
Աջակցե՛ք կամ միացե՛ք «Հոսանք»-ին. դարձե՛ք հայության նոր վերածննդի հիմնասյունը:

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։