Հայկ Նազարյանը ծնվել է 1989 թվականի մայիսի 12-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում: Ընտանիքի չորս երեխաներից ամենափոքրն է: 2015 թվականին Կալիֆոռնիայի պետական համալսարանում ստացել է ֆիզիկայի մագիստրոսի կոչում և երեք տարի դասավանդել այնտեղ: Հոգու խորքում միշտ զգալով, որ ժամանակակից Բաբելոնի վերածված Ամերիկան իր երկիրը չէ, և ոգևորված Ապրիլյան քառօրյա պատերազմով՝ 2016 թվականի նոյեմբերին նա որոշում է միակողմ տոմսով մեկնել Հայաստան՝ մշտական բնակության: Ռազմական փորձ ձեռք բերելու նպատակով պայմանագրային հիմունքներով ծառայում է Տավուշի սահմանագծում։ Որպես կամավոր՝ նա սկզբից մինչև վերջ մասնակցում է 44-օրյա դավադիր պատերազմին՝ Մարտակերտի շրջանում:
Նազարյանը 20 տարուց ավելի՝ իր ողջ գիտակից կյանքում, եղել է ազգային գաղափարախոսության կրող և սեփական քայլերով, այլ ոչ թե լոկ խոսքերով, ապացուցել իր հայրենասիրությունն ու ազգայնական լինելը: Ազգային պայքարին ու ճշմարտությանը հավատարիմ մնալով՝ նա երբեք չի անդամագրվել որևէ քաղաքական կուսակցության, չի փոխել քաղաքական ճամբարներ, չի զիջել իր սկզբունքները և ոչ մեկին չի քծնել՝ քաղաքականության մեջ առաջ գնալու համար։
Արտաքին թշնամիների ու Հայաստանում գործող դավաճանների հանդեպ տածած զայրույթից և անիմաստ ու անբովանդակ քաղաքական թոհուբոհից հիասթափված՝ ռազմաճակատից վերադառնալուց գրեթե մեկ տարի անց՝ 2021 թվականին, նա որոշում է որպես անհայտ հայրենադարձ ու հասարակ շարքային զինվոր հիմնադրել «Հոսանք»-ը։ Այն Հայաստանի միակ ցեղակրոն քաղաքական շարժումն է, որը նորից կյանքի է կոչում ցեղակրոնության գաղափարները և 21-րդ դարում բերում քաղաքական դաշտ, որպեսզի ի կատար ածվի Նժդեհի երազանքը։
Նա իրեն համարում է հայ ազգի քաղաքական զինվոր, որի կյանքի նպատակն է Հայաստանում ազգային հեղափոխության միջոցով առաջացնել իրական ազգային զարթոնք ու վերածնունդ: